BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Էմանուել Մակրոն. Ինչպես վերակառուցենք Եվրոպան

Էմանուել Մակրոն. Ինչպես վերակառուցենք Եվրոպան
28.09.2017 | 14:41

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին ներկայացրել է եվրոպական ինստիտուտները բարեփոխելու իր ծրագիրը, որ նրա կարծիքով դանդաղաշարժ ու անարդյունավետ են: Ընդհանուր հարկեր և բյուջե, ինտեգրում պաշտպանության և կրթության հարցերում` հիմնական լուծումներն են, որ ԵՄ-ն կդարձնեն առավել համախմբված և ուժեղ արտաքին մարտահրավերների առաջ` կարծում է Ֆրանսիայի նախագահը: Բրյուսելում ու Բեռլինում նրան արդեն աջակցություն են հայտնել: Մակրոնը կարծում է, որ պետք է սկսել պաշտպանությունից: Մինչև 2020-ը Փարիզն առաջարկում է ստեղծել ոչ միայն համատեղ զինված ուժեր ռազմական գործողությունների համար, այլև միասնական համաեվրոպական պաշտպանական բյուջե և միասնական ռազմական դոկտրին: Ռազմական միավորման օրինակ տալու համար` Մակրոնն առաջարկում է եվրոպացիներին ընդունել ֆրանսիական բանակ: Փուլային ինտեգրման հաջորդ քայլերն են Հետախուզության եվրոպական ակադեմիայի, Փախստականների հարցով եվրոպական գրասենյակի, Իննովացիաների եվրոպական գործակալության, եվրոպական սահմանային ոստիկանության ստեղծումը, հարկերի մի մասի միասնականացումը, որի հետևանքով նաև` սոցիալական օրենսդրության ու կրթական գործընթացների:


Եվրոպական նոր գերատեսչությունների ու ինստիտուտների ֆինանսավորման համար Էմանուել Մակրոնն առաջարկում է ներմուծել համաեվրոպական հարկեր, այդ թվում` բնապահպանական տուրք շրջակա միջավայր վնասակար արտանետումների համար, հարկեր թվային հսկաների համար` Gafa խմբի (Google, Apple, Facebook, Amazon): Հարկի չափը կորոշվի 2020-ի եկամուտով: Հարկերից բացի` միասնականացման կարիք ունեն սոցիալական պայմանները տարբեր երկրներում: Եվրոպացի գործընկերներին չվախեցնելու համար Մակրոնը պատրաստ է համակերպվել «Եվրոպան` տարբեր արագություններով» հայեցակարգի հետ, ուր տեղ կպահվի ապագայում Մեծ Բրիտանիայի հնարավոր վերադարձի, բալկանյան երկրների անդամակցության համար: Բարեփոխումները պետք է սկսվեն երկրներում, որ արդեն պատրաստ են փոփոխությունների, մյուսները կմիանան` ընդունելով նախագծի հաջողությունները: Այս հավակնոտ խնդիրները լուծելու համար Ֆրանսիայի նախագահն առաջարկում է ստեղծել «եվրոպական վերակառուցման հատուկ խումբ», որը պետք է գործողությունների կոնկրետ ծրագիր մշակի մինչև 2018-ի ամառ: Յուրաքանչյուր երկիր, որ ցանկանում է լինել փոփոխությունների ավանգարդում, կարող է ուղարկել իր ներկայացուցչին: Մակրոնն արդեն ստացել է ԵՄ 22 անդամների աջակցությունը 27-ից: Ֆրանսիայի նախագահի առաջարկություններին անմիջապես արձագանքեց ԵՄ-ն: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ողջունեց Մակրոնի «չափազանց եվրոպական՚ ելույթը, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարեց, որ Փարիզը կարող է իրենց վրա հույս դնել: «Մենք պետք է օգտագործենք այդ նախաձեռնությունը, ներգրավենք քաղաքացիներին և նախապատրաստենք մեր ապագան»` հավելեց գերմանացի դիվանագետը:
RFI


Հ.Գ. Եվրամիության բարեփոխումների ծրագիրը Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է Սորբոնի համալսարանում: Ելույթ ունենալով Ֆրանսիայի ամենահին համալսարանում` նախագահը ցանկություն է հայտնել, որ մինչև 2024-ը ֆրանսիացի յուրաքանչյուր ուսանող խոսի եվրոպական նվազագույնը երկու լեզվով: Նա մտադիր է ուժեղացնել Erasmus ծրագիրը, որ յուրաքանչյուր երիտասարդ եվրոպացի նվազագույնը վեց ամիս սովորի արտասահմանում: Մակրոնին ուսանողները բողոքի ակցիայով են դիմավորել` սա Ֆրանսիան է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ